Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական կապիտալի ճանապարհը բացելով՝ այս իշխանությունները բացում են դարպասներ՝ ռազմական ճանապարհով «Հայկական հարցը» լուծելու համար

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է․ Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո իրադարձությունների զարգացմանը հետևելու դեպքում կարող ենք տեսնել, որ ամեն ինչ որոշակի ցիկլերով է զարգանում: Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որի հետ զրույցում նշվածի համատեքստում նախ դիտարկել ենք հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգամանքը:

«Երբ փողոցի ճնշումն ավելանում է, դրան զուգահեռ իշխանությունները որոշակի քայլեր են անում: Սկզբնական փուլում փողոցային ճնշմանն արձագանքելով՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջիններից մեկն էր, որ հայտարարեց, թե հնարավոր լուծումը պետք է արտահերթ ընտրությունների դաշտում լինի:Իսկ երբ փողոցային ճնշումը մարեց, իշխանությունը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա: Հետո ճնշումն ավելացավ, և իրենք կրկին զիջումների գնացին: Հիմա, երբ փողոցի ճնշումը մարել է, առհասարակ պետք չէ զարմանալ, եթե այս կամ այն պատրվակով իշխանությունները չեղարկեն ընտրություններ անցկացնելու իրենց իսկ հայտարարությունը: Սա հնարավոր զարգացման տարբերակ է: Քանի որ այս իշխանություններն օրվա կուրսով ապրող իշխանություններ են, այսօր կա ճնշում՝ կխոսեն արտահերթ ընտրությունների մասին, վաղը չի լինի՝ չեն խոսի: Օրվա կուրսով ապրող իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով Փաշինյանի մարզային այցերին և, ըստ այդմ, ոչ պաշտոնապես քարոզարշավի փաստացի մեկնարկին, մեր զրուցակիցը նշեց. «Որքան էլ ինչ-որ պատրվակով ընտրությունները չեղարկելու որոշումը հնարավոր է, ամեն դեպքում, քանի որ հայտարարվել է գործընթացի մասին ու առնվազն փողոցային ճնշում չկա, տրամաբանական է, որ Փաշինյանը փորձելու է ինչ-որ նախապատրաստական գործողություններ իրականացնել. «Այս առումով արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկն իշխանության կողմից ինչ-որ չափով, այո, տրված է: Բայց կուզենայի մեկ այլ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել: Նախկինում ևս եղել են դեպքեր, երբ իշխանությունները, օգտագործելով իրենց վարչական լծակները, քարոզարշավն ավելի շուտ են սկսել: Այդուհանդերձ, երբ, օրինակ՝ ՀՀԿ ներկայացուցիչներն իրենց պաստառները մեկերկու օր ավելի շուտ էին կախում, կներեք, բայց այդ հանգամանքից, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչները մեծ վայնասուն էին բարձրացնում: Հիմա ոչ միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այլև խորհրդարանական ընդդիմության լուռ համաձայնությամբ է այս ամենը տեղի ունենում: Խորհրդարանական ընդդիմությունը պետք է գիտակցեր, որ այդ մարդու հետ ինչ-որ պայմանավորվածությունների գնալու դեպքում ինքը սկզբնական փուլում էլ է դրանք խախտելու: Այս դեպքում խոսքն օրենքով նախատեսված ժամկետից շուտ քարոզարշավը սկսելու մասին է»:

Բենիամին Մաթևոսյանը շեշտեց, որ վերոնշյալ մարզային այցելությունների ժամանակ մի կարևոր հանգամանք ևս ակնհայտ է. «Մենք տեսնում ենք, թե ինչպես կարելի է ընդամենը 3 տարվա ընթացքում գրեթե «կիսաաստծո» կարգավիճակից վերադառնալ 7-8 տոկոսանոց աջակցություն ունեցող քաղաքական գործչի սկզբնական կարգավիճակին: Այն աջակցությունը, որը տեսանելի մակարդակում ունի Փաշինյանը, նույն աջակցությունն է, որն ուներ ժամանակին Ն. Փաշինյան քաղաքական գործիչը, պատգամավորը, լրագրողը: Մի հանգամանք էլ կա: Դժվար չէ համացանցում գտնել, օրինակ՝ 1996 թ. նախըտրական քարոզարշավի դրվագները ու տեսնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մարզային քարոզարշավների նախընտրական հանդիպումներում նույպես երեխաներ էին ներգրավված: Այսինքն, անգամ «картинка»-ի առումով ենք նույն պատկերը տեսնում, ինչը կար 1996 թ.-ին: Իսկ այն, որ Ն. Փաշինյանը կարողանում է անարգել այցելել մարզեր, մտնել ԱԺ, հարց ու պատասխանի մասնակցել, որոշ չափով նաև ընդդիմության պարտությունը կարելի է համարել: Ընդդիմությունն այս ընթացքում չկարողացավ գեներացնել այնպիսի համաժողովրդական շարժում, որը Ն. Փաշինյանի իշխանության հարցն ինքնըստինքյան կլուծեր: Այդ ամենի հետևանքը եղավ այն, որ այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի,երբ նա այցելում է մարզեր, կանգնում մեքենաների վրա, ագրեսիվ ելույթներ է ունենում ու պրոթուրքական քարոզչություն է իրականացնում»:

 

Ինչ վերաբերում է ոչ միայն Փաշինյանի, այլև իշխանության շատ այլ ներկայացուցիչների պրոթուրքական թեզերին, նա նշեց, որ, մեծ հաշվով, սա այն իրավիճակն է, ինչի մասին այս երեք տարվա ընթացքում ասում էին փորձագիտական բազում շրջանակներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: «Այս իշխանությունները գլոբալ առումով երկու առաքելություն ունեն. առաջին՝ լուծել Ղարաբաղի հարցը: Լուծել ասելով՝ նկատի ունենք հանձնել Ղարաբաղն Ադրբեջանին: Երկրորդ՝ մոռանալով Ցեղասպանության հարցը, այսպես ասած, կարգավորել հայթուրքական հարաբերությունները և թուրքական կապիտալի ներհոսք ապահովել Հայաստան, ինչը հետագայում նշանակելու է ռուսական զորքերի դուրս բերում տարածաշրջանից: Հիմա այս իշխանություններն իրենց այս ծրագրի երկրորդ մասն են իրականացնում:

Իրենք Արցախը, կարելի է ասել, հանձնեցին Ադրբեջանին, և հիմա Հայաստանը չի հանդիսանում ԱՀ անվտանգության երաշխավորը, թեպետ Ն. Փաշինյանն այնպես է արել, որ ՀՀ-ն անգամ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ: Ինչևէ, ամեն դեպքում, ռուսական կողմի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության արդյունքում մենք կարողացանք պահել այդ մոտ 3000 քառակուսի կմ տարածքը, բայց ընդամենը հինգ տարով: Տրամաբանական է, որ այն ուժերը, որոնք կանգնած են Փաշինյանի հետևում, այդ հինգ տարիների ընթացքում այնպիսի իրողություններ պետք է կարողանան ստեղծել տարածաշրջանում, որ անհրաժեշտ չլինի ոչ միայն խաղաղապահների առկայությունը, այլև ընդհանրապես ռուսական զորքերը դուրս բերվեն տարածաշրջանից:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ զորքերի ներկայությունն այստեղ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը խնդիրներ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, և այդ երկրները սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու մեր ֆիզիկական գոյությանը: Եթե դու ֆորմալ առումով հարաբերություններ ես հաստատում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, սահմաններ ես բացում, ռուսական զորքերի ներկայությունը ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում ընդհանրապես անտրամաբանական է դառնում:Հետևաբար, իրենք հիմա ամեն ինչ պետք է անեն, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատեն: Իսկ թուրքական կապիտալի ներհոսք ապահովելով՝ կհանգեցնեն նրան, որ ռուսական կապիտալն այստեղ որոշակի կնվազեցնի իր ներկայության չափաբաժինը: Մեծ հաշվով, իրենք ամեն ինչ անելու են, որ ռուսական զորքը դուրս գա այստեղից. դա է իրենց նպատակը»,-ընդգծեց Բ. Մաթևոսյանը:

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքերը չմտան Հայաստան ու ռազմական ագրեսիայի չդիմեցին միայն նրա համար, որ այստեղ կար ռուսական զորքի գործոնը. «Մեծ հաշվով, պետք չէ ինչ-որ պատրանքների մեջ ընկնել: Եթե այստեղ ռուսական զորքը չլինի, այլևս ոչինչ Թուրքիային չի խանգարելու ևս մեկ քաղաքական ակտ իրականացնել: Հետևաբար, պետք է հասկանանք հետևյալը. Թուրքիայի հետ հարաբերությունների, թուրքական կապիտալի ճանապարհը բացելով՝ այս իշխանությունները բացում են դարպասներ՝ ռազմական ճանապարհով Հայկական հարցը լուծելու համար»:

Ամփոփելով՝ նա հավելեց. «Նոյեմբերի 9-ից հետո «պոզիտիվ» օրակարգ միայն իշխանությունն է թելադրում իր թե՛ պաշտոնական հայտարարություններով, թե՛ ոչ պաշտոնական մակարդակում իրականացվող գործողություններով: Խոսքը նաև ֆեյսբուքյան էջերով, յութուբյան ալիքներով իրականացվող քայլերի մասին է: Իրենք ասում են՝ «ժողովո՛ւրդ, վա՞տ ա, էլ ձեր զավակները չեն գնալու Արցախ, չեն զոհվելու, մենք լուծեցինք Ղարաբաղի հարցը»: Ասում են՝ «ժողովո՛ւրդ ջան, վա՞տ ա, հեսա սահմանը Թուրքիայի հետ կբացվի, թուրք տուրիստներ կգան, էժան լոլիկ կգա, ապրանքը էժան կգա»:

Հայաստանին կործանման բերող իրենց ծրագրերն իշխանությունները փաթեթավորում են «դրական» օրակարգով: Օրվա կուրսով ապրող իշխանություններն իրենց պատկերացմամբ «պոզիտիվ» օրակարգ են թելադրում մարդկանց, ասում՝ թուրքերը կգան, լավ կապրենք: Մեծ հաշվով, թմրեցնելով մարդկանց զգոնությունը՝ իրենք մեզ գլոբալ աղետի առջև են կանգնեցրել: Մենք վտանգավոր հանգրվանի առջև ենք կանգնած, ինչը չեն հասկանում շատերը, այդ թվում՝ ընդդիմության ներսում: Մենք, որպես պետություն, որպես քաղաքական միավոր, ֆիզիկական ոչնչացման եզրին ենք կանգնած: Եվ սա նաև այն պարագայում, երբ ռազմավարական գործընկերոջդ հետ հարաբերությունները հնարավորինս փչացրել ես»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում ռազմաբազա բացել ՋավախքումՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ. ՏեսանյութՀՀ ԱԳՆ հայտարարությունը 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հինգերորդ տարելիցի կապակցությամբԹուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական կապիտալի ճանապարհը բացելով՝ այս իշխանությունները բացում են դարպասներ՝ ռազմական ճանապարհով «Հայկական հարցը» լուծելու համարԷրդողանը ապրիլի 24-ին հաշտության առաջարկ կանի հայերին«Թուրքական յաթաղանի շունչը». ՀՀ-ում Անկարայի կողմից կազմակերպված արտահերթ ընտրություններ կամ Սյունիքը կորցնելու 2 ճանապարհ«Նա» արդեն հեռացել է․ ինչպես կանգնեցնել կապիտուլյացիանԻրանն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կսկսի ԵԱՏՄ-ին անդամակցության նախապատրաստություններըՀայաստանում գործազրկությունը նոյեմբերին նախորդ տարվա համեմատ նվազել է 2%- ով՝ ԵԱՏՄ-ում 3,6 անգամ աճի ֆոնին35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով ակցիզային հարկ` ԵԱՏՄ-ում ծխախոտի արտադրանքի համարՀայկական կողմն առաջարկել է զրկել ԵԱՏՄ֊ում Թուրքիային տրամադրվող սակագնային արտոնություններիցԽնդրում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հակամարտության գոտում պատերազմի դադարեցման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին«Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ»․ ճանաչել Արցախի անկախությունըԵՏՀ-ը և Պերուն քննարկել են քննարկել են համագործակցության պլաները «Մեզ համար առանձնահատուկ արժեքավոր է, որ այս դժվարին պահին ժամանել եք Հայաստան». վարչապետ«Պետություն՝ պետության մեջ». ինչպես Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանությունը